Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որը, նշենք, ուղեկցվել էր բախումներով։ Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ներակայացումը որակել են «սատանիստական», վանկարկել «ամոթ, ամոթ», իսկ Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդն էլ, փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ «իր երկրում սատանիստական երևույթ չի լինելու»:
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից պարզաբանում են․
«Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսը հանրային քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ Քաղաքացիների մի մասին այն դուր եկավ, մյուսին՝ ոչ։ Հարցը, սակայն, գեղագիտական է։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։
Միջոցառմանն ու դրան հաջորդած քաշքշուքին զուգահեռ` մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյք օգտատերեր սկսեցինտեղեկություն տարածել, թե բեմականացվածը ԼԳԲՏ քարոզ էր կամ սատանիստական միջոցառում, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությունը հայտ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացել մոտ 2,7 մլն դրամ գումար՝ ներկայացում բեմադրելու համար։ Նախարարության հետ ստորագրված պայմանագրում հստակ սահմանված են եղել բեմադրության մանրամասները, որոնք նախատեսում են պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում։
Ինչպես տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված պայմանագրից՝ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ։
«Կատարումը պետք է տեղի ունենա հանրային տարածքում՝ Հանրապետության Հրապարակի Երևանի մետրոպոլիտենի կայարանի դրսի հատվածում, որտեղ վիզուալ անիմացիաները թարգմանելու են ֆուտուրիզմ պոեզիան և տարածքի ճարտարապետութայնը։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով արվեստ անող կնոջ՝ Հասմիկ Թանգյանի մարմինը հանրային տարածքում՝ փորձարարական պարագրության մեջ», - նշված է պայմանագրի «բովանդակություն» բաժնում։
Այսպիսով հայտնում ենք, որ տեղեկությունները, թե ԿԳՄՍ նախարարությունը հովանավորում է ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ, չի համապատասխանում իրականությանը։ Նման շահարկումները հետապնդում են հստակ քաղաքական մոտիվներ ևնպատակ ունեն մոլորեցնելու հանրությանը»։
Նշենք՝ ի թիվս որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ներկայացումը քննադատել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։