«Չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն». Նաիրա Զոհրաբյանը՝ «ազատ ճախրող արվեստագետների» բեմադրության մասին - RadioVan.fm

Онлайн

«Չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն». Նաիրա Զոհրաբյանը՝ «ազատ ճախրող արվեստագետների» բեմադրության մասին

2019-11-04 13:13 , Политика, 1676

«Չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն». Նաիրա Զոհրաբյանը՝ «ազատ ճախրող արվեստագետների» բեմադրության մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որը, նշենք, ուղեկցվել էր բախումներով։ Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ներակայացումը որակել են «սատանիստական», վանկարկել «ամոթ, ամոթ», իսկ Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդն էլ, փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ «իր երկրում սատանիստական երևույթ չի լինելու»:

Մինչդեռ, ներկայացման հեղինակները նշում են, որ այն կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը՝ հարցականի տակ դնելով կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ահա, գրել է

«Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու « Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:

Հանրապետության մետրոյի տարածքում երեկ, քաղաքապետարանի թույլտվությամբ բեմադրված «ֆուտուրիստական մառազմի» մասին տեղեկացա իմ ընկերներից Վահագն Խաչերյանի գրառումից ու մինչ Ամուլսարից վերադարձա Երևան` «բարձր արվեստի» բեմականացումը ավարտվել էր:

Որ հասարակության մեջ կարող են լինել անառողջ ընկալումներ ունեցող մարդիկ, հասկանալի է: Ինձ իրենք չեն հետաքրքրում, քանի դեռ չեն հրապարակայնացնում իրենց հիվանդ և պաթոլոգիկ բնազդները: Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն ու «մտավորականների» մի հատված, ցավոք, բարեկրթությունս թույլ չի տալիս նրանց դեպքում «մտավորական» բառի մեջ օգտագործել կոշտ «ռ»-ն, ասի, որ դա բարձր արվեստ է և մեզ, տգետներիս, խորհուրդ տալ այցելել Թաջ Մահալ:

Սա այլևս աղետ է, ու այս աղետը կանխել է պետք օր առաջ: Ցավոք, հանրության մեծ մասը լուռ է, ու այդ լռությունը ամենամեծ քարտ-բլանշն է հիվանդների, ապազգային աղբի և հատուկ մշակված ծրագրով ապականություն քարոզողների համար:

Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»:

Նշենք՝ ներկայացմանը անդրադարձել է նաև Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հրապարակելով հատված տեղի ունեցածից ւ տարակուսելով, թե «ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում»։

Նշենք՝ «ՀուԶանք ուԶանգ»-ը բեմադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով, իսկ ներկայացման համար առկա է եղել Երևանի քաղաքապետարանի ու Մետրոպոլիտենի թույլտվությունը։

Лента

Рекомендуем посмотреть