«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, կամ, առավել հայտնի՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հուլիսի 18-ից մեկնարկած անժամկետ ստորագրահավաքը շարունակվում է։
100 օրում 50 000 քաղաքացի իր ստորագրությամբ մտահոգություն է հայտնել Կոնվենցիայի վավերացման առնչությամբ, ինչը «Կամք»-ի համակարգող Արթուր Արամյանի խոսքով ավելի քան բավարար է նշյալ կոնվենցիան հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար։
Նշենք՝ հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» Ստամբուլյան կոնվենցիայի ենթատեքստը՝ միջազգային այդ փաստաթղթի շուրջ մտահոգություն է հայտնել նաև Մայր Աթոռը։ Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարությունից հայտարարում են՝ «Ավանդույթների պահպանությանը միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է», իսկ կոնվենցիայի շուրջ հնչեցվող մտահոգությունները թյուրըմբռնման արդյունք են։
Առկա մտահոգությունները հաշվի առնելով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսին դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի հատուկ կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։ Օրեր առաջ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքի մասին պաշտոնական հաղորդումը, որում արձանագրված է այդ կոնվենցիայի և Հայաստանի Սահմանադրության համապատասխանության փաստը։
Վահագն Չախալյանն, այդուամենայնիվ, որևէ կառույցի կողմից Հայաստանին ուղղորդելն անընդունելի է համարում։ Նշում է՝ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ նոյեմբերի 1-ին Հայաստան այցին ընդառաջ Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնելու։
«Հորդորում եմ բոլոր թասիբով, պատվով հայերին այդ օրը դուրս գալ ու մեր վճռական «ոչ»-ը ասել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը»,-նշում է Վահագն Չախալյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան