ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը նախորդ ամիս լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:
««Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ զինված հարձակման հետևանքով սպանվել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը: Զինված հարձակման գլխավոր մեղավորները՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նրանք, տված ցուցմունքներում պնդել են, թե իրենց արարքը «հայրենասիրական» միտումներով է, «պահանջված ժողովրդի կողմից», քանի որ «սպեկուլյանտ կառավարությանը խմում է ժողովրդի արյունը»։
Օրերս հայտնի դարձավ, որ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, որի պատասխանը պարզ կլինի 80-օրյա ժամկետում։