«Նպաստել եմ, որ Փաշինյանը եկել է իշխանության»․ հայտարարության վերաբերյալ Բաբլոյանը քննչականում բացատրություն է տվել - RadioVan.fm

Онлайн

«Նպաստել եմ, որ Փաշինյանը եկել է իշխանության»․ հայտարարության վերաբերյալ Բաբլոյանը քննչականում բացատրություն է տվել

2019-10-25 14:41 , Политика, 1371

«Նպաստել եմ, որ Փաշինյանը եկել է իշխանության»․ հայտարարության վերաբերյալ Բաբլոյանը քննչականում բացատրություն է տվել

2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է հրապարակել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի այս հայտարարության առնչությամբ տված բացատրության վերաբերյալ:

«Հաշվի առնելով այս հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ` հարկ ենք համարում հայտնել, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետևյալը. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»,-ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կասկածվում է իշխանության յուրացման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть