ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:
Հատուկ քննրական ծառայության հաղորդմամբ՝ ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր (ՀՀ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնելու էր 2018թ. ապրիլի 9-ին), մի խումբ պաշտոնատար անձինք 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու` ուժի մեջ մտնող սահմանադրական կարգավորումներից խուսափելու և այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական հիշյալ սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև
Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:
Արսեն Բաբայանը, մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի2-ը նշելով,խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը: Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: