Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ հաջորդ նախագահին խորհուրդ է տալիս խորհրդարանի գործունեությունը շարունակելու համար ավելի լավ ու նոր հնարավորություններ գտնել: Այդ մասին այսօր Բաբլոյանն ասել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԺ-ում հյուրընկալած լրագրողներին։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ իր կարծիքով այդ դաշտում արել է այն ամենը, ինչ կարող էր անել, այժմ վերադառնալու է առողջապահության ոլորտ՝ իր խոսքով անելու այն, ինչ որ շատ լավ է արել:
«Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ես միշտ հանդես եմ եկել որպես մի մարդ, որը իր 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը, նաև՝ ծրագրերի զարգացմանը: Դրա համար ես անտարբեր չեմ այն ամեն ինչին, ինչ պետք է տեղի ունենա»,-նշել է վեցերորդ գումարման Ազգային ժողովում «Հանրապաետական կուսակցություն» խմբակցությունը ներկայացրած Արա Բաբլոյանը՝ վստահեցնելով, որ, այլևս չլինելով պետական պաշտոնյա, պատրաստ է իր փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին։