Վարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը՝ տեսչական մարմինի նախկին ղեկավարի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեության անաչառության վերաբերյալ կասկածներ հայտնելով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։
«Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող էհարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է,-«Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:
«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»»,-ասված է Լիդիանի տարածած հաղորդագրությունում։