Առնվազն այս պահի դրությամբ որևէ իրավական հիմնավորում չունենք արգելելու «Լիդիան Արմենիային» շահագործելու Ամուլսարի հանքը։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ամուլսարի հարցով քաղաքացիների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չեն կարող հաշվի չառնել հանրության շրջանում առկա անհանգստությունները։
«Ես համոզված եմ, որ մենք Ամուլսարի դեպքում մեր երկրի համար սխալներ թույլ չենք տա: Ես կարծում եմ՝ դուք համոզված եք, որ մենք որևէ կոռուպցիոն ստվերային գործարքի չենք գնա, որը կհակասի հայ ժողովրդի շահերին»-ընդգծեց Փաշինյանը՝ ջերմուկցիներին խնդրելով ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, որոնք շուրջ 1 տարի է վերահսկվում են Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների կողմից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում որևէ աշխատանք կատարելուն խոչընդոտելու նպատակով։