Դեռ այս տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայաստանյան ավիացիոն շուկա մուտք գործելու ցանկություն հայտնած եվրոպական խոշորագույն «RyanAir» ավիաընկերությունն այսօր պաշտոնապես՝ ի դեմ ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընի, հայտարարել է 2020-ի հունվարից Երևանից դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու մասին։
«Հայաստանն այսօր դառնում է «RyanAir»-ի ցանցի 40-րդ երկիրը»,-այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Դեյվիդ Օ՛Բրայընը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի երեք նոր ուղղություններով՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին։
Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա, մարտի վերջից, կգործի Բեռլինի ուղղությունը։
Հաջորդ տարվա ամռանից իռլանդական բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի նաև Գյումրիից՝ այն կապելով Մեմինգենի հետ։
«Մեր հաջողության գաղտնիքը պարզ է. մենք մարդկանց առաջարկում ենք արդյունավետ ծառայություններ՝ մատչելի գներով»,-նշել է «RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը՝ տեղեկացնելով, որ ավիաընկերության կայքում ավիատոմսերի ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից, միջին գինը տատանվում է 35 եվրոյի սահմաններում։
Երևանից յուրաքանչյուր ուղղությամբ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում, հաջողության դեպքում, դրանք կավելանան: