Հետապնդել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Հետապնդել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ

2019-09-28 14:20 , Право, 1276

Հետապնդել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են երեկ երեկոյան մի քանի երիտասարդներ զուգահեռ քայլում Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, նրանցից մեկը դատավորի հետ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը` հետապնդելով նրան մինչև դատարանի շենք։ Դատավորը չի պատասխանում հարցերին։

Կատարվածի վերաբերյալ Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը` միաժամանակ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչներին տեղյակ պահելով իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ` ՔԿ-ում վարույթ են ընդունել Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակում 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է:

Քիչ առաջ էլ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի փոխանցմամբ՝ Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, սեպտեմբերի 17-ին հրապարակած որոշմամբ մերժեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի (ՍԴ) սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման վրա, ըստ որի՝ Քոչարյանի դիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

Лента

Рекомендуем посмотреть