Պարզվել են ՀՀ-ում հուլիսի 10-ին արձանագրված մասշտաբային հոսանքազրկման պատճառները - RadioVan.fm

Онлайн

Պարզվել են ՀՀ-ում հուլիսի 10-ին արձանագրված մասշտաբային հոսանքազրկման պատճառները

2019-09-23 14:13 , Общество, 1407

Պարզվել են ՀՀ-ում հուլիսի 10-ին արձանագրված մասշտաբային հոսանքազրկման պատճառները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառները։

Ըստ այդմ՝

•12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետև շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միևնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետևանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին և համակարգային վթարի զարգացմանը:

•Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաև վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:

•Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել և վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվել սեղմ ժամկետում 2018 թվականին մշակված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները քննարկելու և հաստատելու ուղղությամբ:

Տարածքային կառավարման նախարարությունից ընդգծում են՝ հուլիսի 10-ին, ժամը 12:45-ի սահմաններում արձանագրված վթարից հետո էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին, վթարի հետևանքով մարդու կյանքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ չկան:

Հիշեցնենք՝ Հանրապետությունում ընթացիկ տարվա հուլիսի 10-ին արձանագրված մասշտաբային հոսանքազրկումների հետևանքով մետրոպոլիտենի որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելներում, մետրոյի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ որոշ գերատեսչությունների ղեկավարներ ՀՀ քաղաքացիներին հորդորել էին այդ ժամենրին էլեկտրաէներգիա քիչ օգտագործել։

Лента

Рекомендуем посмотреть