Հանրապետությունում այսօր արձանագրված մասշտաբային հոսանքազրկումների վերաբերյալ քիչ առաջ պարզաբանում է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասված է նախարարության տարածած հայտարարությունում։
Նշենք՝ ժամեր առաջ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ»։
Հանրապետությունում արձանագրված hոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի, իսկ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։
Հավելենք՝ ՀՀ քաղաքացիներին առաջիկա մի քանի ժամվա ընթացքում էլեկտրաէներգիա քիչ օգտագործելու հորդորով են հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով քաղաքացիներին Արայիկ Հարությունյանը նշել է, որ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով հանձնարարել է գերատեսչությունում նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար:
«Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»,- գրել է նախարարը ֆեսբուքյան իր էջում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը