«Փախչող լինեի՝ ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին»․ Քոչարյան - RadioVan.fm

Онлайн

«Փախչող լինեի՝ ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին»․ Քոչարյան

2019-09-17 16:56 , Право, 1426

«Փախչող լինեի՝ ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին»․ Քոչարյան

«Երևի դատախազության աշխատակիցների համար դժվար է սա հասկանալ, բայց ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել, եթե փախչող լինեի ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում չայ խմելիս կլինեին»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հանդես գալով ելույթով ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, թե ինքն, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել, խոչընդոտել դատական քննությանը:

Նրա պնդմամբ՝ քրեական գործում չկան իրեն առնչվող ցուցմունքներ․ «ասում են կարող է ազդել գործի քննությանը, փաստաբաններն ասացին այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, չկա այն սուբյեկտը, որի վրա կարելի է ազդել և ինչ-որ բան փոխել։ Ամբողջ քրեական գործում կա երկու-երեք դրվագ ինձ հետ կապված․ առաջինը հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ՝ նախագահականում, փետրվարի 23-ին: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա է եղել մոտ 25 մարդ: Քննարկում չի եղել, ուղղակի ելույթ եմ ունեցել: Կան ցուցմունքները 13 հոգու, ձեզանից դա կխլի 40-50 րոպե՝ ծանոթանալու համար այդ ցուցմունքների հետ, համոզվելու՝ այդտեղ ինչ-որ բան փոխելու մոտիվացիա ես պե՞տք է ունենամ, թե՞ ոչ»,-դատավորին դիմելով ասել է երկրորդ նախագահը՝ նշելով, որ կան մի քանի ցուցմունքներ, որոնց հետ համաձայն է։

Այդ համատեքստում նա բարձրաձայնել է Տիգրան Թորոսյանի (Տիգրան Թորոսյանը 2008-ին Ազգային ժողովի նախագահն էր, այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել նույն թվականի սեպտեմբերին-խմբ․), Սերժ Սարգսյանի (Սերժ Սարգսյանը 2007-2008 թվականներին ՀՀ վարչապետն էր, 2008- փետրվարի 19-ին նշանակված նախագահի ընտրությունների արդյունքներով՝ 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը պաշտոնավարել է որպես ՀՀ նախագահ-խմբ), Հայկ Հարությունյանի (Հայկ Հարությունյանը 2003 - 2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը-խմբ․), Արմեն Գևորգյանի (նա 2008-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր-խմբ․), Արշակ Կարապետյանի (գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2008-ի փետրվարի 23-ին, զբաղեցնելով ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետի պաշտոնը, ընդգրկված է եղել պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված կայազորում՝ որպես հատուկ հանձնարարությունների գծով ՀՀ կայազորի պետի տեղակալ։ Նա այժմ վարչապետի խորհրդականն է-խմբ․) անունները, ասելով, որ այս անձանց հետ է միայն առնչություն ունեցել և նրանց ցուցմունքների հետ համաձայն է, բացառությամբ Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե ինքը բանավոր հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Նշենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր մերժել է «Մարտի 1»-ի քրեական գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

Лента

Рекомендуем посмотреть