Մինչ Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում, առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի:
Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով` աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել։
«Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում, 24-ժամյա գրաֆիկի անցնելիս, աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող»,-ընդգծել է Դավիթ Անանյանը:
Նշվում է, որ Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ, ինչը նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
Հիշեցնենք՝ ավտոմաքսատան գործառույթները Երևանից Գյումրի տեղափոխելու ու ավտոմաքսատուն կառուցելու նպատակով կառավարությունը 181 միլիոն դրամ է հատկացրել։