Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրացված 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը կառավարության այսօրվա որոշմամբ փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)՝ վարչապետի հանձնարարականի համաձայն մաքսատուն կառուցելու նպատակով։
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը»,-կառավարության նիստում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Այդպիսով ավտոմաքսատան գործառույթները Երևանից Գյումրի տեղափոխելու ու ավտոմաքսատուն կառուցելու նպատակով կառավարությունը 181 միլիոն դրամ կհատկացնի։
Գործադիրի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշադրությունն է հրավիրել Արարատյան ավտոմաքսատան և դրան հարակից տարածքում բազմաթիվ ավտոմեքենաների առկայությանը՝ այն ռիսկային համարելով։ Նա նշել է, որ հնարավոր հրդեհային վիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է լուծել խնդիրը:
«Հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,-ի պատասխան տեղեկացրել է ՊԵԿ նախագահը, ում խոսքով Նորագավթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձևակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի ու նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով:
«Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-նախազգուշացրել է Դավիթ Անանյանը։