«Արդարությունն անպայման վերականգվելու է»․ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն - RadioVan.fm

Онлайн

«Արդարությունն անպայման վերականգվելու է»․ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

2019-09-05 19:07 , Право, 1653

«Արդարությունն անպայման վերականգվելու է»․ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնում հարուցված քրեկան գործի շրջանակում ժամանակավորապես դադարեցված են ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացնելու՝ հիմքով, որ քրգործի նյութերում իր կողմից որևէ ապօրինի գործողություն կատարելու մասինտվյալներ առկա չեն։

Նա, մասնավորապես գրել է․

«Սիրելի ընկերներ,

Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։

Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։

Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։

Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

Արդարությունն անպայման վերականգվելու է։

Սիրում եմ բոլորիդ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հարուցված քրեական գործի շրջանակում 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով հարուցված քրգործին ավելի վաղ հայտարարել էր, որ անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերվում։

Դավիթ Սանասարյանի անվան շուրջ ընթացքող քննարկումներին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, «բեսպրեդել»-ի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть