Վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հետ կապված բոլոր նամակները՝ ծայրից ծայր՝ 100-ավոր, անձամբ եմ կարդացել, դրանցից մեկի հիման վրա քրեական գործը հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը ևս անցկացվել է իր նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր Ջերմուկում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ներկայում ստեղծված վիճակին։
Փաշինյանը նկատել է, որ Ամուլսարի հարցի հետ կապված ամբողջ խնդիրը նրանում է, որ X պահից սկսել ենք չլսել իրար, հարցը մի քիչ ռացիոնալության դաշտից թեքվել է դեպի էմոցիաների դաշտ, մինչդեռ, այն պետք է քննարկել ռացիոնալության դաշտում, կայացնել որոշում՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը:
«Ի՞նչ է նշանակում հավասարակշռված շահ՝ օդ, ջուր, հող․․․ Կրկնում եմ, եթե պարզվի, որ օդը մաքուր ա, ջուրը մաքուր ա, խոտը մաքուր ա, հողը մաքուր ա, աղմուկ չկա․․․ եթե չպարզվի դա, ուրեմն քննարկելու բան չկա, իսկ եթե չի վնասում՝ հարց, ինչո՞ւ չեք թողնում, որ աշխատի: Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի օդը, ջուրը և բուսականությունը, Կառավարությունը 90 օր ժամանակ կտա՝ թերացումները շտկելու համար, եթե չշտկվեն, հանքը կփակվի»,-նշել է վարչապետը:
Փաշինյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերն ուսումնասիրած և փորձագիտական եզրակացություն ներկայացրած «Էլարդ» ընկերության փորձագիտական խմբի հետ տեսակապով քննարկում է անցկացնելու, տալու է իրեն ուղղված բոլոր հարցադրումները՝ ստանալով փորձագետներից դրանց պատասխանները:
«Նստելու ենք, մենք՝ էս, իրենք՝ էն կողմից, իրենք բացատրելու են, մենք նկարահանելու ենք, հրապարակենք այդ խոսակցությունը, որ միջնորդավորված չլինի»,-նշել է նա։
Վարչապետը շրջել է Ջերմուկում, այցելել բնակարաններ՝ ծանոթանալու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քաղաքացիների ունեցած կարծիքներին։
Ջերմուկցիների հետ հրապարակում և նրանց բնակարաններում վարչապետի ունեցած հանդիպման մանրամասները՝ տեսանյութերում։