Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմը տեղեկացնում է.
2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի (նրա լիազորությունները ներկայում կասեցված են-խմբ․) մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը մեկնաբանելու համար։
Սահմանադրական դատարանը հուլիսի 10-ին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ քննության կառնի «Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։
Օրեր անց, սակայն, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կասեցնել նշյալ վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ստացել է դիմումը։