«Բոլոր խնդիրները կարգավորված են, «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռչել Գյումրի: Տոմսերի վաճառքի գործընթացը սկսված է»,-այդ մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը ֆեյսբուքյան էջում։
Այդ մասին այսօր ավելի վաղ հայտնել է նաև ռուսական «Տասս» պետական լրատվական գործակալությունը։
«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի չվերթների վաճառքը․ օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքով լիցքավորման գործընթացի որակի վերահսկողության ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի»,-գործակալությանն ասել է «Պոբեդա»-ի ներկայացուցիչը:
Ավիաընկերությունը օգոստոսի 6-ին դադարեցրել էր դեպի Գյումրի տոմսերի վաճառքը ձմեռային սեզոնի համար՝ որպես պատճառ նշելով «Շիրակ» օդանավակայանում վառելիքի թերի լիցքավորումը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օրեր առաջ տարածած հայտարարությամբ հերքեց լուրերն այն մասին, թե կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է «Պոբեդա» ավիաընկերությանը՝ Հայաստան չվերթ իրականացնելու հարցում։ Ավելին, նշվեց, որ ավիաընկերությունից Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել:
Ռուսական միակ լոուքոսթեր «Պոբեդա»-ն դեպի Գյումրի չվերթներ է իրականացնում 2016-ի դեկտեմբերից՝ շաբաթական տասը չվերթ, իսկ հոկտեմբերի վերջից շաբաթական յոթ չվերթ պարբերականությամբ։