«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որով արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի մեջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը։
Տարածած հաղորդագրությունում ասված է․
««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:
Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:
Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»:
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակված աշխատանքային քննարկմանը ներկայացրել է մայրաքաղաքի աղբահանությանն առնչվող մանրամասներ։ Քաղաքապետը, մասնավորապես, նշել է, որ «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունը, նա աղբահանության գործը ձախողել է ոլորտին չտիրապետելու օբյեկտիվ պատճառով։ Ըստ նրա՝ պայմանագրում նշված է, որ ընկերությունն ամեն տարի մայրաքաղաքում պետք է տեղադրի16 հազար մետաղական աղբաման, մինչդեռ տեղադրված աղբամաններից ընդամենը 99-ն է մետաղական, իսկ, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կա շուրջ 5000 աղբաման։ Ըստ քաղաքապետի, ծառայության վատ մատուցման համար «Սանիթեք»-ինտուգանել են. «Իրենք ասում են, որ տուգանքներն անհիմն են և մեզ դատի են տվել: Ասում են՝ տուգանքներն ազդել են մեր աշխատանքի վրա, բայց մեր տուգանքները կազմում են մեր կողմիցտրված գումարի ընդամենը 3 տոկոսը: Նրանք ասում են՝ տուգանքներն անհիմն են, իսկ ես ասում եմ՝ 1 մլն բնակիչ ամեն օր դուրս է գալիս ու տեսնում է, որ այդ տուգանքը հիմնավոր է»։