ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննության գլխավոր վարչություն (ՔԿ ԶՔԳՎ) առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:
Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:
Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը օգոստոսի 12-ին տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը դեռևս չպարզված հանգամանքներում լքել է մարտական դիրքը՝ հայտնվելով Արդրբեջանում։
ՀՀ օմբուդսմենը հայտնել է Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցով միջազգային կառույցներին դիմելու մասին։