Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։
Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Օմբուդսմենի աշխատակազմից հայտնում են, որ մշտական կապի մեջ են նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։
Հիշեցնենք 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել է երեկ, դեռևս չպարզված հանգամանքներում․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝ մոլորվելու արդյունքում։