Կարծիքը, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով՝ թյուրընկալում է․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Կարծիքը, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով՝ թյուրընկալում է․ ԱՆ

2019-08-06 17:45 , Политика, 1754

Կարծիքը, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով՝ թյուրընկալում է․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի` առավել հայտնի որպես «Ստամբուլյան կոնվենցիա», վերաբերյալ «թյուրըմբռնումներից» մեկին՝ միաժամանակ ներկայացնելով «իրականությունը»։

«Թյուրընկալում N 1. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը:

ՀՀ կողմից այս հանձնառությունն իր արտահայտումն է ստացել կոնվենցիայի ստորագրմամբ, ինչը միջազգային իրավունքում հենց պետության կողմից հանձնառության ստանձնման արտահայտչաձևերից մեկն է՝ հատկապես, երբ հստակ է ստորագրման պահին, որ այդ կոնվենցիան ենթադրում է վավերացում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ։

Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով։

Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները:

Բացի դրանից՝ պետք է հստակ գիտակցել, որ Եվրոպայի խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինքն՝ ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին»։

Նշենք՝ Կոնվենցիայի վավերացմանն ընդիմացողները բարձրաձայնում են, որ այն վավերացնելու պարագայում «բռնություն ասվածի տակ՝ այլասեռվածության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։ Հուլիսի 18-ից Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի դիմաց Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք է անցկացնում՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ բռնություն ասվածի տակ՝ այլասեռվածության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։

Կոնվենցիայի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Մայր աթոռը։ Ընդգծելով, որ «ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ»՝ հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին հորդորվել է զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть