«Նախորդ շաբաթվա վերջին տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ: Շատ արագ՝ մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարության և Եգիպտոսում Հայաստանի Հանրապետություն դեսպանության և դեսպանի շնորհիվ կարողացանք կազմակերպել երկու թռիչք Հուրգադայից Երևան: Առաջին օդանավով հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին ՀՀ 132 քաղաքացիներ, երկրորդ օդանավով հուլիսի 29-ին Հայաստան է տեղափոխվել 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ: Հետագայում նաև պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր՝ Երևանի ժամանակով 14:25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նաև ավիաընկերությանը, Քաղավիացիայի գերատեսչության ներկայացուցիչներին և «Զվարթնոց» օդանավակայանին, որոնց ջանքերով այս տեղափոխումը նույնպես տեղի կունենա: Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք նաև այս խնդրի պատճառները և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Այդպիսով՝ ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի 12000 դոլար:
Հիշեցնենք՝ 100-ավոր հայեր, որոնք պետք է հուլիսի 25-ին Հուրգադայից մեկնեին Երևան, տուրիստական ընկերության կողմից ավիափոխադրողին չվճարելու պատճառով, մեկնել չէին կարողացել, թռիչքը չեղարկվել էր։
ՀՀ կառավարության ջանքերով նրանց վերադարձը հնարավոր դարձավ․ հունական SpotAir ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպվեց՝ ս․թ հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին, որի համար ՀՀ կառավարությունը 47 միլիոն դրամ հատկացրեց։
Անդրադառնալով այսօրվա չվերթին՝ «Տարոն Ավիա» ընկերությունը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծում է․
«Ավիաընկերությունը ուղղակիորեն փրկում է իրավիճակը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ անհավասար մրցակցության պայմանների պատճառով դադարեցրեց թռիչքներն ու հեռացավ Գյումրիից»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը