«Սանիթեք»-ը մայրաքաղաքի աղբահանության խնդրով Վարստանում պլանավորած ասուլիսը կտեղափոխի Երևան - RadioVan.fm

Онлайн

«Սանիթեք»-ը մայրաքաղաքի աղբահանության խնդրով Վարստանում պլանավորած ասուլիսը կտեղափոխի Երևան

2019-07-30 15:39 , Общество, 1575

«Սանիթեք»-ը մայրաքաղաքի աղբահանության խնդրով Վարստանում պլանավորած ասուլիսը կտեղափոխի Երևան

«Սանիթեք» ընկերությունը, որը, ինչպես հայտնի դարձավ երեկ, որոշում էր կայացրել Երևանի աղբահանության խնդրով ընկերության երկու սեփականատերերի՝ տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Սարի Հադդադի մասնակցությամբ մամլո ասուլիս անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ասուլիսի վայրը տեղափոխում է։

«Սանիթեք»-ը տարածած հայտարարությունում նշում է․

««Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:

Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:

Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»։

«Սանիթեքի»կողմից Թբիլիսիում ասուլիս հրավիրելու հանգամանքով պայմանավորված այսօր, 12։00-ին, ՀՀ կառավարության շենքի առջև հրատապ ասուլիս էր հրավիրել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով, որ ընկերության նման քայլը կարող է վնասել և′ Երևանին, և′ մեր պետությանը, հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները:

«Խոսքը մի կազմակերպության մասին է, որը օտարերկրյա ներդրող է, որի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելն ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և հենց այստեղ է, որ պիտի կոչ անեմ «Սանիթեք»-ի համասեփականատիրոջը, ղեկավարությանը` զերծ մնալ այդ քայլից, որովհետև դրանով վատ նախադեպ է լինելու ոչ միայն մասնավոր կազմակերպություն-համայնք կամ պետություն համագործակցության և քննարկումների հարցում, այլև մյուս ներդրողների: Պատկերացրեք, որ մի շարք միջազգային այլ ներդրողներ ևս մեզ հրավիրեն այլ պետություններում ասուլիսների և Երևանին կամ ՀՀ-ին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ: Կարծում ենք՝ այդ ասուլիսն այնտեղ չպետք է տեղի ունենա»,-մասնավորապես նշել էր Խաժակյանը:

Հիշեցնենք՝ «Սանիթեք» ընկերությունը հուլիսի 12-ին անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի զգուշացմանը, թե՝ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել», հայտարարել էր, որ «շուտով կհրավիրի աննախադեպ մասշտաբների մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով»:

Նախօրեին էլ հրավիրված աշխատանյանի խորհրդակցությանը Երևանի քաղաքապետը «Սանիթեք»-ին սթափության կոչ էր արել՝ հայտարարելով, որ քաղաքային իշխանությունները քաղաքի աղբը մաքրելու են՝ լինի դա ընկերության հետ, թե առանց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть