Մտավոր հետամնացություն ունեցողները՝ անկախ վարքային խանգարումներից, կազատվեն զինծառայությունից - RadioVan.fm

Онлайн

Մտավոր հետամնացություն ունեցողները՝ անկախ վարքային խանգարումներից, կազատվեն զինծառայությունից

2019-07-25 16:01 , Общество, 1607

Մտավոր հետամնացություն ունեցողները՝ անկախ վարքային խանգարումներից,  կազատվեն զինծառայությունից

Անկախ վարքի և հարմարվողականության խանգարումների առկայությունից՝ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի հիմնավորման ՝ ՀՀ կառավարության 12.04.2018թ. որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն, ահա, ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

Այդ նպատակով նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:

Նշենք՝ նախագծի մշակման ու կառավարությանը ներկայացնելու մասին օրերս հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանի դեպքին։

Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե»-ում շուրջ մեկ ամիս բուժում ստացած ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանը, նշենք, դուրս գրվելով հիվանդանոցից գնացել էր անհայտ ուղղությամբ․ մոր փոխանցմամբ՝ չցանկանալով ներկայանալ զորամաս:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ նախագիծ են մշակել մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունները զինվորական ծառայության համար ոչ պիտանի սահմանելու նպատակով, ինչը նշանակում էր, որ, քանի դեռ այն չի ընդունվել, նշյալ զինծառայողը պարտավոր է վերադառնալ զորամաս:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть