ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի զինված ուժեր (ԶՈւ), իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Այս մասին հայտարարություն է տարածելՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանի դեպքին։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե»-ում շուրջ մեկ ամիս բուժում ստացած ժամկետային զինծառայող Յուրիկ Բրոյանին զորամաս տեղափոխելու նպատակով երեկ կենտրոն ներկայացած ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան բուժհաստատությունում չեն գտել, զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Մոր փոխանցմամբ էլ՝ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է․ «Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը