Ի վերջո, ինչպիսի՞ն է Սևանա լճի վիճակն ու արդյոք այս հարցով կա՞ն վերջնական վերլուծություններ. այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանից հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան նախարար Գրիգորյանը նշել է, որ լճի վիճակն այսօր բավական լավ է և թափանցիկության ներկայիս արձանագրված ցուցանիշը՝ 6․5 մետր, ինչը վերջին տարիներին չի եղել։
«Որակական առումովցուցանիշները բավականին լավնեն։ Պետք է նշեմ, որ կապտականաչ ջրիմուռների աճը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ բնակլիմայական պայմաններ, ոչ պատշաճ մաքրված տարածքներ, անասնապահություն և այլն»,-մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ թվարկելով ջրի ծաղկմանը նպաստող մի քանի գործոն ևս։
Նախարարի խոսքով՝ այս տարի 100 մլն խորանարդ մետր ջուր ավելի շատ է գոլորշիացել, իսկ 40 մլն խմ-ով էլ տեղումները պակաս են եղել և ստացվում է, որ Սևան 140 մլն խմ-ով պակաս ջուր է մտել։
Հիշեցնենք՝ վերջին շաբաթում Սևանի «կանաչելու և ծաղկելու» վերաբերյալ պաշտոնյաների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների ահազանգերի ֆոնին շաբաթասկզբին Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների սեփականատերերը բողոքի էին դուրս եկել։ Նրանք փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները՝ առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները, հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։ Տնտեսվարողները նշել էին, որ «մեծ վնասներ են կրում, քանի որ ամռան այս սեզոնին մարդիկ չեն գալիս Սևանա լճում հանգստանալու, որովհետև բոլորի մոտ կա վախի զգացողություն, որ լճի ջրի կանաչելը վնասակար է օրգանիզմի համար ու թունավոր»: Բողոքող տնտեսվարողների՝ պաշտոնյաներին տված վերջնաժամկետի ավարտին՝ այն է մինչև հուլիսի 17-ը, պատկան գերատեսրությունները հայտարարեցին՝ «Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը», «Լիճը ինքնամաքրվում է»։
Ինչ վերաբերում է Սևանա լճից իրականացվող ջրառին, ապա, նախարարի փոխանցմամբ, այս պահին 36 մլն խմ-ով պակաս են Սևանից ջուր վերցրել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամատ պակաս է, նախորդ տարի այս նույն ժամանակ վերցվել է 80 մլն խմ ջուր, այս տարի՝ 50 մլն խմ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը