ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի շարք ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել էծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխելու, լրացնելու մասին, և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելու հետևանքով Հայաստանի Հանրապետությանն առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով՝ 45.402.392.5 ՀՀ դրամ և 27.039.000 ՀՀ դրամ վատնում կատարելու (երկու դրվագով) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ա. Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2018-ի հուլիսի 27-ին հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այդ ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ղեկավարող Արա Մինասյանին (Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է-խմբ) մեղադրել էր «կազմակերպված հանցավորության», «փողերի յուրացման» մեջ՝ նրան որակելով որպես «բանդայի պարագլուխ»։
Արա Մինասյանը դատարան էր դիմել «Հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու» հայցապահանջով՝ նշելով, որ նախարարը խախտել է անմեղության կանխավարկածը ու զրպարտել իրեն:
Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել է 2018-ի սեպտեմբերի 5-ին վարույթ ընդունած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կայացրած վճռով պարտավորեցնելով պատասխանող կողմին՝ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով հերքել Արա Մինասյանի հասցեին արված հայտարարությունները։
Արսեն Թորոսյանը, սակայն չի պատրաստվում կատարել դատարանի վճիռը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը