Արսեն Թորոսյանը վերահաստատել է՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին «բանդայի պարագլուխ» անվանելու համար ներողություն չի խնդրի - RadioVan.fm

Онлайн

Արսեն Թորոսյանը վերահաստատել է՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին «բանդայի պարագլուխ» անվանելու համար ներողություն չի խնդրի

2019-06-11 18:14 , Право, 1735

Արսեն Թորոսյանը վերահաստատել է՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին «բանդայի պարագլուխ» անվանելու համար ներողություն չի խնդրի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վերահաստատել է՝ չի պատրաստվում ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից (հայցվոր Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է-խմբ)։

«Իմ փաստաբանը մեկնաբանել է, ավելացնելու բան չունեմ»,-ասել է նախարարը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, 2018-ի հուլիսի 27-ին հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այդ ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ղեկավարող Արա Մինասյանին մեղադրել էր «կազմակերպված հանցավորության», «փողերի յուրացման» մեջ՝ Մինասյանին որակելով որպես «բանդայի պարագլուխ»։

Արա Մինասյանը դատարան էր դիմել «Հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու» հայցապահանջով՝ նշելով, որ նախարարը խախտել է անմեղության կանխավարկածը ու զրպարտել իրեն:

Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել է 2018-ի սեպտեմբերի 5-ին վարույթ ընդունած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։

Դատարանը կայացրած վճռով պարտավորեցրել է պատասխանող կողմին՝ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով հերքել Արա Մինասյանի հասցեին արված հայտարարությունները հետևյալ կերպ․

«Վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) «ուղիղ եթերի» միջոցով, (տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ») բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ. «27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. ««… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «… չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:

Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել հետևյալ կերպ.

վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) «ուղիղ եթերի» միջոցով, (տեսանյութը վերնագրել «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից») բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ. «27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ. «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները և 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «Օրինական ատկատ»« խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/ATorosyanOfficial/):

Անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) «ուղիղ եթերի» համար:

3. Արսեն Գևորգի Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Միքայելի Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը վերոնշյալ վճիռը անհիմն և աբսուրդ է համարում՝ նշելով, որ այն բողոքարկելու են։ ‹‹Այդ վճիռն ավելին քան անհիմն ենք համարում: Պարոն Թորոսյանը որևէ ներողություն չի խնդրելու: Վճիռը բողոքարկելու ենք, ինչպես նաև չի բացառվում,որ հարց բարձրացնենք այդ դատավորի կոմպետենտության հետ կապված: Ծանոթացել եմ վճռին և տարակուսած եմ անկեղծ ասած, քանի որ նման վճիռը գնահատում եմ իրավաբանորեն բավականին թույլ››,-երեկ լրագրողների հետ հանդիպմաննասել է փաստաբանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть