«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց մեր գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Սպասում ենք, որ պարոն Ա.Դավթյանը վերադառնա ազատություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը:
Հիշեցնենք՝ Արսեն Դավթյանը մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» մեջ։ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները նրան ձերբակալել էին մարտի 30-ին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու պահին։ «Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»,-ապրիլի 1-ին մանրամասնել էին ԱԱԾ-ից։
Դատարանի որոշմամբ նախկին փոխնարարը ապրիլի 2-ից կալանքի տակ էր։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը