ԱԱԾ-ն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալման մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալման մանրամասներով

2019-04-01 13:09 , Право, 2530

ԱԱԾ-ն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալման մանրամասներով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր տեղեկություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարարի տեղակալի (Արսեն Դավթյան-խմբ) ձերբակալման վերաբերյալ։

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»,-մանրամասնում են ԱԱԾ-ից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

Նշենք՝ իր տեղակալին բերման ենթարկելու լուրին ավելի վաղ անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։

Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,-գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Դավթյանը գերատեսչությունում իրականացնում է հետևյալ գործառույթները․

1) մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,

2) զորահավաքային և արտակարգ իրավիճակների նախապատրաստվածության կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի միջոցով:

3) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայության կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,

4) առողջապահական տեղեկատվական համակարգի, էլեկտրոնային առողջապահության ոլորտի աշխատանքների համակարգումը` նախարարության պետական առողջապահական գործակալության, «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով,

5) առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքների համակարգումը` նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության և պետական առողջապահական գործակալության միջոցով,

6) նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть