Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է պոլսահայ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է պոլսահայ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

2019-07-02 19:09 , Культура, Шоу бизнес, 1290

Թուրքիայի նախագահը Ճապոնիայում բացել է պոլսահայ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին հունիսի 30-ից բացված ցուցահանդեսը Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում կգործի մինչև հուլիսի 10-ը, իսկ Կիոտոյի ժամանակակից ազգային արվեստի թանգարանում` մինչև հուլիսի վերջ։

«Ինձ համար պատիվ է` անձամբ բացելու Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, որը վերջին տարիներին մեր երկրի ամենահաջողակ արվեստագետներից է: 90 տարվա կյանքի ընթացքում Արա Գյուլերի նկարած լուսանկարները դարձել են Թուրքիայի, մասնավորապես Ստամբուլի տեսողական հիշողությունը»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Արա Գյուլերի այն խոսքերը, որ ինքն իրեն բնութագրել է որպես «ֆոտո-լրագրող, ով պատմությունը գրում է ֆոտոապարատով»և հավելել, որ Գյուլերը մինչև վերջին շունչը իրենց համար և ողջ մարդկության համար ձեռքը չի հանել լուսանկարչական ապարատի կոճակից:

Հիշեցնենք՝ «Ստամբուլի աչք» անվամբ հայտնի 90-ամյա պոլսահայ լուսանկարիչը մահացել է սրտի անբավարարությունից, 2018-ի հոկտեմբերի 17-ին, Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:

Նրա մահից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգեց արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարչի ստեղծագործությունների ցուցադրություններ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть