ՀՀ ոստիկանությունը պաշտոնական պարզաբանում է տարածել միկրոավտոբուսի վարորդի ծխելու հետևանքով ուղևորի հետ ծագած վիճաբանության տեսանյութի առնչությամբ։
«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար»,-նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ երեկ մայրաքաղաքի 46 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկում վեճ էր տեղի ունեցել վարորդի և ուղևորի միջև: Ուղևոր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսագրություն, որտեղ ինքը վարորդից պահանջում է դադարեցնել ծխելը, վարորդն էլ պահանջում է, որ նա դուրս գա երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան և չի քշի, ինչն էլ արել է։
Վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյուքում ղեկին ծխելու և ուղևորի հետ անհարգալից վարվելու պատճառով միկրոավտոբուսի վարորդը աշխատանքից հեռացվել է։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը