Ղեկին ծխելու և ուղևորի հետ անհարգալից վարվելու պատճառով 46 համարի միկրոավտոբուսի վարորդը աշխատանքից հեռացվել է - RadioVan.fm

Онлайн

Ղեկին ծխելու և ուղևորի հետ անհարգալից վարվելու պատճառով 46 համարի միկրոավտոբուսի վարորդը աշխատանքից հեռացվել է

2019-06-11 13:19 , Общество, 1700

Ղեկին ծխելու և ուղևորի հետ անհարգալից վարվելու պատճառով 46 համարի միկրոավտոբուսի վարորդը աշխատանքից հեռացվել է

Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Այդ մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում:

Ուզում եմ նշել նաև, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղևորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղևորների քանակից:

Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»,-գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք՝ երեկ մայրաքաղաքի 46 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկում վեճ էր տեղի ունեցել վարորդի և ուղևորի միջև: Ուղևոր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսագրություն, որտեղ նա վարորդից պահանջում է դադարեցնել ծխելը, վարորդն էլ պահանջում է, որ նա դուրս գա երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան և չի քշի, ինչն էլ արել է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть