«Ոնց որ 6 գլխանի վիշապին ուզենաս սպանել՝ փորը կտրես»․ պատգամավորները խոստացել են քննարկել բուքմեյքերական ընկերությունների առաջարկները - RadioVan.fm

Онлайн

«Ոնց որ 6 գլխանի վիշապին ուզենաս սպանել՝ փորը կտրես»․ պատգամավորները խոստացել են քննարկել բուքմեյքերական ընկերությունների առաջարկները

2019-05-29 18:08 , Общество, 1268

«Ոնց որ 6 գլխանի վիշապին ուզենաս սպանել՝ փորը կտրես»․ պատգամավորները խոստացել են քննարկել բուքմեյքերական ընկերությունների առաջարկները

«Ոչ մենաշնորհին», «Մեկ հոգու շահերի համար 1500 մարդու գործազուրկ մի դարձրեք». այսպիսի գրությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչները՝ մոտ 2 ժամ փակ պահելով Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի երթևեկելի հատվածը։ Ակցիայի պատճառը «Վիճակախաղերի մասին» օրենքում սպասվող փոփոխություններն են, որոնք հավաքվածների համոզմամբ բարենպաստ պայմաններ կստեղծեն Հայաստանում առցանց վիճակախաղերի համար։

«Թող բոլորը փակի Ալեն Սիմոնյանը, կամ էլ ինքը «սիկտիր» լինի Աշոտյանի նման»․ ասաց բողոքի ակցիայի մասնակից Աննա Սարգսյանը, որի 25-ամյա որդին խաղալով առցանց տիրույթում՝ տանուլ է տվել հազարավոր դրամներ, արդյունքում նրանց բնակարանը գրավադրվել է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հավասարություն՝ ընդգծելով, որ եթե փոփոխությունների նպատակը խաղամոլության դեմ պայքարն է, ապա թող արգելեն նաև առցանց տիրույթում խաղեր կազմակերպող ընկերությունների աշխատանքը, որոնք, ըստ մասնակիցների, արտոնյալ դիրքում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորչությամբ։

Բուքմեյքերական ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ավարտվեց և հավաքվածները բացեցին տևական ժամանակ փակ պահած Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ ընկերության մի քանի ներկայացուցիչների Ազգային ժողովում ընդունեցին տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը և օգնականը։

Հանդիպումից հետո «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտնեց, որ օրենսդիրները լսել են իրենց առաջարկները և վստահեցրել, որ դրանց շուրջ քննարկումներ կկազմակերպվեն՝ նախագծում փոփոխություններ կատարելու նպատակով։

Եթե Ազգային ժողովն ընդունի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հաստատած նախագիծը, ապա 2020 թվականից բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը կդադարեցվի, կթույլատրվի միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան եւ Մեղրի քաղաքներում: Օրինագծի ընդունումից հետո կհանվեն նաև գազալցակայաններում և այլ տեղերում տեղադրված խաղային ապարատները։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть