Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,-ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով այսօր ավելի վաղ հրաժարական է ներկայացրել։
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»,- իր դիմումում գրել է Հարությունյանը՝ խնդրելով իր լիազորությունները այսօրվանից համարել դադարած:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը