Զինծառայողների վարձատրությունը հուլիսի 1-ից միջինը կբարձրանա միջինը 10%-ով․ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տվել զինվորական ծառայության առանձնահատուկ պայմաններին սահմանված հավելումների չափերը հստակեցնելու վերաբերյալ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծին,
«Համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի միջև: Այդպիսով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագրային շարքայինը մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում»,-նախագիծը գործադիրի անդամներին ներկայացնելիս ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հավելել է, որ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի աշխատավարձերը կբարձրանա միջինը 18%-ով, իսկ այն զինծառայողները, որոնք իրենց ծառայությունն իրականացնում են առանձնահատուկ պայմաններում, կստանան ավելի բարձր հավելավճար:
«Այսինքն` մենք ասել ենք, որ 10%-ով կբարձրանա, բայց կրտսեր կազմինը և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20%-ով »,-իր ավելի վաղ արած հայտարարությունը հիշեցնելով հստակեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ մարտի 27-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բյուջեի եկամտային մասը գերակատարման արդյունքում այս տարվա հուլիսի 1-ից 10 %-ով կբարձրանան ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից էլ, կրկին 10 %-ով՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներինը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը