Онлайн

Մովսես Հակոբյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն ազատելու մասին

2018-05-25 15:44 , Политика, 215

Մովսես Հակոբյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն ազատելու մասին

«Պարոն վարչապետն ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերն ու պատճառները, ես բավարարված եմ և գտնում եմ, որ ճիշտ է կատարել»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր ռազմական նորանշանակ տեսուչ, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է եղել նրա՝ պաշտոնը փոխելու պատճառը:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով:

Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի: «Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով, վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր:

Հիշեցնենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինած գեներալ-մայոր Արտակ Դավթյանին ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը բնութագրել է որպես «ամենաանպատրաստ մարդ»՝ նշելով, որ «անհանգիստ» է այդ նշանակմամբ:

Лента

Рекомендуем посмотреть