Այսօր մայիսի 16-ն է, որը Հայաստանում նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:
Օրվա առիթով ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ գտեք ձեր կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը ձեր կյանքի տարերքն է։ Դա ձեր մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ»,-նշված է նախագահի աշխատակազմի հրապարակման մեջ։
Մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ կառավարությունը հավանության է արժանացել 2014 թվականի հունվարի 16-ի նիստում։
Ըստ այդմ՝ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, ամրագրվել է որպես ուսանողների և երիտասարդների օր: ԵՊՀ ուսանողական խորհուրդը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը դիմել էր դեռևս 2010 թ-ի ապրիլին։