«Վերջ տվեցինք «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին»․ ԿԳ փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

«Վերջ տվեցինք «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին»․ ԿԳ փոխնախարար

2019-05-16 13:56 , Образование, 2602

«Վերջ տվեցինք «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին»․ ԿԳ փոխնախարար

«Վերջ տվեցինք «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին, դրեցինք թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը նաև մշակույթ կփոխի»,-այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկմանը, որը, հիշեցնենք, մեկնարկել է երեկ, առավոտյան ժամը 9-ից։

Համակարգի գործարկումը, նշենք, զերծ չմնաց տեխնիկական խնդիրներից, որոնք, թեև, շատ արագ շտկվեցին, սակայն ծնողների շրջանում դժգոհության առիթ դարձան։

Փոխնախարարն անդրադառնալով հարցին՝ պարզաբանել է, որ եղել են դպրոցներ, որտեղ 9:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, սակայն այդ դպրոցներից համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով գրանցվել չկարողանալու փաստով օրվա ընթացքում 1-2 բողոք է եղել, եղել են դպրոցներ, որոնք նույն ժամանակահատվածում դեռ 4 տեղ են ունեցել։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ տեխնիկական խնդիրների պատճառով բողոք ներկայացրած անձանց շուրջ 80 տոկոսը մեկ դպրոցի մասով է»,-նշել է Արևիկ Անափիոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ո՞ր տոկոսն է խափանվել, քանի որ տպավորություն է, որ բավական լուրջ քանակ է եղել, կրթության փոխնախարարը ասել է, որ խոսքը 0,7 տոկոսի մասին է, քանի որ կանխատեսվող առաջին դասարանցիներից 80 տոկոսն արդեն գրանցվել է, ինչը նախարարությունը լավ ցուցանիշ է համարում։

Գործարկված առցանց համակարգով 2019-2020 ուստարվա համար Երևանում նախատեսվում է ավելի քան 13 հազար առաջին դասարանցու ընդունելություն։ Այսօր առավոտյան 10:45-ի դրությամբ՝ առցանց համակարգում արդեն հայտագրված է 9 հազար 321 երեխա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть