Արարատ լեռան ստվերում. Մեքսիկացի բլոգերը կիսվել է տպավորություններով Հայաստանի մասին - RadioVan.fm

Онлайн

Արարատ լեռան ստվերում. Մեքսիկացի բլոգերը կիսվել է տպավորություններով Հայաստանի մասին

2019-05-14 22:00 , Общество, 1404

Արարատ լեռան ստվերում. Մեքսիկացի բլոգերը կիսվել է տպավորություններով Հայաստանի մասին

Մեքսիկացի հայտնի գործարար, բլոգեր Դեբի Բըրդը նախորդ շաբաթ Հայաստան այցելությունից հետո ծավալուն և գեղեցիկ հոդված է հրապարակել Հայաստանի մասին:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությանը:

Հոդվածում բլոգերը նշում է, որ Հայաստանը գտնվում է Կովկասի լեռնային շրջանում, Ասիայի և Եվրոպայի միջև. հրաբուխների, եկեղեցիների և հնագիտական գանձերի երկիր Հայաստանը մշակույթների և պատմությունների հետաքրքրաշարժ համադրություն է:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանը հայտնի է որպես Վարդագույն Քաղաք՝ այս տարածքի խորհրդանշական վարդագույն հրաբխային քարից՝ տուֆից կառուցված շենքերի առկայությամբ պայմանավորված։ Հռոմից 29 տարի առաջ կառուցված Երևանը ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է, նրա պատմությունը սկսվում է VIII դարից և այն հանդիսանում է անցյալի հրաշքների օջախ: Օրինակ՝ Մատենադարանը, որտեղ պահվում են հազարավոր հունական և հայկական ձեռագրեր, գլխավորում է հիմնական պողոտան։ Տեղակայված լինելով Մետաքսի ճանապարհի մայրցամաքային միացման կետում՝ Երևանը մեզ տեղափոխում է անցյալի գիրկը։

Երևանից մենք ուղևորվեցինք այս կախարդական և հետաքրքիր երկրի հրաշքների հետևից։ Ազատ գետի կիրճի և Գեղամա լեռների նկատմամբ իշխող դիրք ունեցող եռանկյուն ժայռի եզրին գտնվող Գառնու տաճարը հունահռոմեական ոճի սյուներով միակ կանգուն շինությունն է նախկին Խորհրդային միության տարածքում և Հռոմից ամենահեռու գտնվողը: Կառույցը, հավանաբար, կառուցվել է Տրդատ I-ին թագավորի կողմից, առաջին դարում՝ որպես արևի աստված Միհրի տաճար: 4-րդ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը ընդունելուց հետո այն դարձել է Տրդատի քրոջ՝ Խոսրովադուխտի արքայական ամառանոցը: Որոշ գիտնականների կարծիքով, այն եղել է ոչ թե տաճար, այլ գերեզմանոց, և այդ պատճառով էլ այն գոյատևել է հեթանոսական կառույցների համընդհանուր ոչնչացումից հետո։

Տպավորիչ և գեղեցիկ Գառնու տաճարը գտնվում է Գեղարդի վանքից մի փոքր հեռու։ Վանքը ժայռափոր եկեղեցիների, գերեզմանոցների և միջնադարյան շինությունների բարդ համալիր է և գտնվում է բնության գեղեցկագույն վայրում՝ Ազատի հովտում:

Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հայտնի հոգևոր և մշակութային կենտրոնն է, որտեղ բացի կրոնական շինություններից կարելի է տեսնել դպրոց, միջնադարյան աշխատասենյակ, գրադարան և հոգևորականների համար ժայռերի վրա փորված բնակելի խցեր: Առեղծվածային և հետաքրքիր մի վայր, որն արտացոլում է Հայաստանի խորհրդավոր և հետաքրքիր ոգին»,- ասված է հոդվածում:

Նա հավելում է, որ այս հրաշալի վայրեր անհավանական այցելությունից հետո՝ վերադարձել են գեղեցիկ Երևան, որտեղ վայելել են Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայի ընկերակցությունը, ով օգնել է ճանաչել և բացահայտել քաղաքի ամենանրբագեղ դեմքը` իր հրաշալի խոհանոցով, աշխույժ միջավայրով և հյուրասեր մարդկանցով:

«Երևանում այցելեցինք Կոմիտասի գեղեցիկ թանգարան, որը նվիրված է հայազգի հայտնի երաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտասին: 2015 թ. իր դռները բացած այս թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան այգու Պանթեոնի կողքին և մեզ պատմում է այս հանճարեղ անձնավորության հետաքրքիր կյանքի մասին:

Իր մշտական ուղեկից Արարատ լեռան ֆոնին՝ Երևանը մի գրավիչ քաղաք է, որի պատմությունը, մշակույթը և մարդիկ մեզ ստիպում են սիրահարվել նրան»,- եզրափակել է Դեբի Բըրդը:

Лента

Рекомендуем посмотреть