STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։
«Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի(STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ»,-հայտնում են կրթական գերատեսչությունից։
«Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության կողմից ԵՄ աջակցությամբ, գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:
Մրցույթին դիմելու կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2Jfz1Q5