«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,-այդ առաջարկով այսօր կառավարության նիստում հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի առաջարկին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենք «դրա նման մի բան պետք է անեն, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայել»:
«Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,-ասել է գործադիրի ղեկավարը։