Եռատոնը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին․ Բակո Սահակյան - RadioVan.fm

Онлайн

Եռատոնը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին․ Բակո Սահակյան

2019-05-09 17:43 , Общество, 1666

Եռատոնը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ, պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի և հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը և սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք և մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակն էր:

…Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»,-մասնավորապես նշված է ուղերձում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Փաշինյանն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

Այսօր կայացել է նաև Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շեշտել են մայիսի 9-ի տոնական միջոցառումների կարևորությունը, քննարկել Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть