Դատախազությունը լիազորված չէ քննարկել Քոչարյանին կալանքից ազատելու Արցախի նախագահների դիմումը - RadioVan.fm

Онлайн

Դատախազությունը լիազորված չէ քննարկել Քոչարյանին կալանքից ազատելու Արցախի նախագահների դիմումը

2019-05-08 12:37 , Право, 1531

Դատախազությունը լիազորված չէ քննարկել Քոչարյանին կալանքից ազատելու Արցախի նախագահների դիմումը

«Դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»,-այդ մասին ընդգծում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով Արցախի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումին։

Նախագահները, նշենք, հիշեցնելով, որ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է մայիսյան Եռատոնը, և ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հյուրերի, Արցախի բոլոր նախկին ղեկավարները՝ «մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը», Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին ղեկավարները Հայաստանի գլխավոր դատախազին խնդրել էին մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

Գլխավոր դատախազությունից, ահա, պարզաբանում են․

«2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»։

Лента

Рекомендуем посмотреть