«Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:
Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ միանում է «Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա» շրջանակում #ամրակապվիր հեշթեգով սոցիալական կայքերում սկիզբ առած արշավին։
ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի կողմից մեկնարկել է երեկ՝ մայիսի 6-ին, կշարունակվի մինչև մայիսի 12-ը։ «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր» կարգախոսով շաբաթվա նպատակն է հանրության շրջանակում բարձրացնել ճանապարհային անվտանգ երթևեկության իրազեկվածությունը։ Շաբաթվա շրջանակում կրթական իրազեկման միջոցառումներ կանցկացվեն ՀՀ մարզային դպրոցականների հետ, երիտասարդների մասնակցությամբ ֆլեշ մոբ կլինի Երևանում։
Շաբաթվա մեկնարկին բարձրաստիճան պաշտոնյաների մաասնակցությամբ իրական սիմուլյատորի միջոցով ամրագոտու գործածման փորձարկում իրականացվեց։