Թեև Եղվարդի խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը, ինչի հետևանքով խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) հաճախակիացել էին․ արձանագրել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
«Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված վայրով, որի հետևանքով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ»,- նշում է ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:
Խճուղում ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով, ահա, Ճանապարհային ոստիկանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով: Արձագանքելով առաջարկին՝ Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է խճուղու միջանկյալ հատվածի բարեկարգման աշխատանքները: Ճանապարհի այս հատվածում կձևավորվի կանաչ գոտի:
«Ճանապարհային ոստիկանության կողմից բազմաթիվ ահազանգեր ունեինք այս հատվածի հետ կապված: Վաղն արդեն կավարտենք եզրաքարերի տեղադրումը, որից հետո կիրականացվեն հողային ու կանաչապատման աշխատանքներ: Այս հատվածում կձևավորվի սիզամարգ, կտնկվեն ծառեր»,-նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
«Շատ օպերատիվ արձագանք եղավ, անմիջապես սկսվեցին աշխատանքները: Այսուհետ այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ չենք ունենա, որոնք շատ հաճախ հանգեցնում են մարմնական վնասվածքների, իսկ առանձին դեպքերում նաև խլում են մարդկային կյանքեր»,- ասել է Կոնստանտին Կոստանյանը:
Քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին մեքենա վարելիս լինել մշտապես զգոն և հետևել ճանապարհային երթևեկության կանոններին: