Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքը այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն» և 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշումներում:
«Ընդունված որոշմամբ այդ համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 220.000 չափահաս անդամներ կազատվեն առևտրային բանկեր հաճախելու և վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ բերելու պարտավորությունից, ինչպես նաև՝ այն չբերելու պատճառով չեն զրկվի սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու իրավունքից: Միաժամանակ կվերանան նաև այդ նպատակով առևտրային բանկերում առաջացած հերթերը»,-հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։